Կարպիս Փաշոյանի հերթական սկանդալային գրառումն իրարանցում է առաջացրել համացանցում


Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Ուզում եմ մի փոքր հայկական գեն կոչվածի մասին խոսենք: Մինչ բուն թեմային անդրադառնալը արձանագրենք երկու ոչ այդքան կարևոր փաստ: Ստորև տեղադրված գրառումն ես արել եմ երկու տարի առաջ, բայց նկարից երևում է, որ պատճենել են ընդամենը 9 րոպե հետո: Այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ պատճենողը, նկատի ունենալով հետագայում ինձ վարկաբեկելու հեռանկարը, անմիջապես պատճենել է ու պահել: Ինչ խոսք, սա պատիվ չի բերում հեղինակին, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հումորային գրառում է, ընդամենը կատակ, սև հումոր: Որոշ մարդկանց տխմարությունն այնքան զավեշտալի է, որ կարծում են, թե կոնտեքստից կտրված կատակ տողերով կարող են ինձ շանտաժի ենթարկել:

Անցնենք գենին կամ ինչպես ֆանատիկներն են սիրում ասել՝ հայու գենին: Ի՞նչ է գենը:

Գենն առաջին հերթին կենսաբանական միավոր է: Հետևաբար դրա ուսումնասիրման հիմնախնդիրներն էլ զուտ կենսաբանական են՝ հիմնված գիտական տվյալների վրա: Իհարկե գենն ունի որոշակի նշանակություն, ինչու չէ նաև կարևորություն որևէ կամայական էթնիկական խմբի սպեցիֆիկ զարգացման ու գոյության համար: Բայց կրկնում եմ դա բարդագույն ու շարունակական կենսաբանական ուսումնասիրության առարկա է:

Բայց այն ինչ մենք անվանում ենք հայ, դա առաջին հերթին ոչ թե կենսաբանական իրողություն է, այլ՝ սոցիալական ու մշակութային, ինչու չէ նաև՝ քաղաքակրթական: Այո՛, կենսաբանությունը այստեղ երկրորդական նշանակություն ունի, քանի որ որևէ կամայական Պողոս Պողոսյանի գենը ուսումնասիրելուց հետո կարող է պարզվել, որ նա կենսաբանորեն շատ քիչ է առնչվում հայ կոչվածի հետ: Հիմա ի՞նչ Պողոսը հայ չէ՞, իհարկե հայ է, որովհետև նա ապրում է հայկականության տիրույթում, տարածություն, որն առաջին հերթին սոցիալական է, մշակութային ու քաղաքակրթական:

Այսինքն հայկականություն կոչվածը միայն կենսաբանական երևույթ չէ կամ էլ՝ մասամբ: Այդ դեպքում ինչու՞ ենք մենք գեն կոչվածը պաշտամունքի ու հպարտության առարկա դարձնում: Ճիշտն ասած չգիտեմ, բայց դա ինձ համար առնվազն տարօրինակ է: Փաստենք Հայու գեն, հայի արյուն կոչվածները վճռորոշ դեր չեն խաղում հայկական ինքնության ձևավորման ու կայացման գործում: Եվ չեն էլ կարող խաղալ:

Պարզապես ֆեյսբուքում հոգեխանգարմունքի հասած վերլուծաբանին դժվար է բացատրել, թե ինչ է ինքնությունը, ազգային ինքնությունը և այսպես շարունակ:

Հա՛, հազարամյակներով ապրելով միևնույն աշխարհագրական տիրույթում, ունենալով միևնույն էթնիկական նախնիները, հայերը կազմավորման փուլից ի վեր ձեռք են բերել ու ունեն կենսաբանական նույնական հատկանիշներ: Բայց դա չափազանց քիչ է, որպեսզի դրա փիլիսոփայական հիմքի վրա կառուցենք հայկականություն կոչվածը, որն ավելին է քան կենսաբանությունը:

Օրինակ՝ կենսաբանը կարող է ասել, թե աշխարհը չի փոխվել, որովհետև մարդու կենսաբանական կառուցվածքը մնացել է նույնը: Մարդը բանական է դարձել ու այս տեսքն է ստացել մոտ 35-40 հազար տարի առաջ: Այդ կենսաբանը կամ լավ մասնագետ չէ կամ էլ իր մասնագիտությունից բացի ուրիշ ոչինչ չգիտի: Քանի որ նրա շատ ավելի կրթված ընկերը վզակոթին մի հարված կհասցնի ու կբացատրի, որ հազարամյակների ընթացքում փոխվել է մարդու սոցիալական, մշակութային վարքագիծը, որն առկախված չէ կենսաբանական փոփոխությունից:

Ահա այսպիսի փոփոխությունների է ենթարկվել նաև հայը: Ո՞ր հայի մասին է խոսքը, 21-րդ դարի, թե՞ 19-րդ դարի, Կիլիկիան հայի, թե՞ Արտաշիսյան շրջանի, ի վերջո ո՞ր հայի մասին է խոսքը: Չէ՞ որ էթնիկական խումբը և նրա առանձին միավորները տեղում չեն դոփել՝ ենթարկվելով անկասելի զարգացման: Մի՞թե բարդ է հասկանալ, որ հայը չէր կարող նույնը մնալ: Հիմա գենը այս ամենի հետ ի՞նչ կապ ունի:

Չգիտեմ, սա մեծ ու բարդ թեմա է, որի շուրջ անվերջ կարելի է խոսել:

Ես ազգայնական լավ ընկերներ ունեմ, որոնք իսկապես կրթված մարդիկ են, ցավոք սրտի նրանք փոքրամասնություն են, քանի որ ազգայնականների մի զգալի մասը պարզապես անգրագետ են: Լավ եք անում, որ հպարտանում եք, ձեր խնդիրն է, բայց գոնե նորմալ արժեքներով հպարտացեք, իսկ արժեքները մեր միջավայրում անսպառ են: Օրինակ 19-րդ դարի մոռացված ու հետադիմական ադաթով հպարտանալու փոխարեն հպարտացեք Անանիա Շիրակացու մաթեմատիկայի դասագրքով կամ էլ Սմբատի Դատաստանագրքով, Որոգայթ Փառածով կամ էլ Միքայել Նալբանդյանով: Լիքն է, ինչքան ուզեք: Ախր հայկականությունը չի սահմանափակվում միայն լքված ադաթներով: Չի կարելի այդքան տգետ լինել»:


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *