Նոր ու սկանդալային մանրամասներ. Ինչու է Սաշիկ Սարգսյանի որդու թինապահը վիճել նրա հետ և վերադարձել Հայաստան.


Հուլիսի 11-ին իրավապահներին էր ներկայացել Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի թիկնապահը` Արտեմ Պետրոսյանը: Նա հունիսի 10-ին` Կրասնոդար-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ներկայացել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն: Հիշեցնենք` ԱԱԾ-ին քննչական գործողությունների արդյունքում հայտնի էր դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա այնտեղից որեւէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, եւ մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երեւանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր: Անձնական խուզարկության ժամանակ Վլադիմիր Շահինյանցի եւ Սերոբ Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել եւ առգրավվել են կոկաին եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա եւ պլաստմասսայից խողովակներ` սպիտակավուն եւ սեւ հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով, եւ այլ իրեր: Արդյունքում Արտեմ Պետրոսյանի եւ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հուլիսի 6-ից հայտարարվել էր հետախուզում: Պետրոսյանը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: «Ժողովուրդ» օրաթերթին իրավապահների կողմից թիկնապահին ուղղված հարցերից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Եվ այսպես, մեզ հետ զրույցում Նարեկ Սարգսյանի թիկնապահի պաշտպան Հովիկ Արսենյանը ներկայացրեց, թե ինչ է նա, Հայաստան վերադառնալով, պատմել իրավապահներին: Ըստ պաշտպան Հովիկ Արսենյանի` Արտեմ Պետրոսյանը իրավապահներին հայտնել է, որ ինքը եղել է Նարեկ Սարգսյանի թիկնապահը եւ ամեն օր` ցերեկը ժամը 14:00-ին կամ 15:00-ի սահմաններում, գնացել է նրա տան բակ եւ սպասել, թե Նարեկ Սարգսյանը երբ կարթնանա, ուր կգնա, որ ապահովի նրա անվտանգությունը. «Իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ում հետ է հանդիպել Նարեկ Սարգսյանը, ինչ է խոսել, իմ պաշտպանյալ Արտեմ Պետրոսյանը հայտնել է, որ նա ի զորու չէր տեղեկանալ, թե ում հետ է նա հանդիպում եւ, առհասարակ, ինչ է խոսում, քանի որ, ըստ Արտեմ Պետրոսյանի, Նարեկ Սարգսյանը ում հետ էլ որ հանդիպել է, նա ընդամենը կանգնել է դրսում. ապահովել է նրա անվտանգությունը եւ այլ բանից տեղյակ չէ»: Պաշտպան Հովիկ Արսենյանի խոսքով` իրավապահները Արտեմ Պետրոսյանից նաեւ հետաքրքրվել են, թե կոնկրետ ինչ հանձնարարականներ է նրան տվել Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը. «Կարող եմ, օրինակ, հանձնարարականներից մեկը ասել. Նարեկ Սարգսյանը Արտեմ Պետրոսյանին հանձնարարել է, որ իրեն վարձով բնակարան գտնի, որ ինքը գնա, մնա այդ բնակարանում, բոլորի աչքից հեռու լինի: Արտեմը նրա համար գտնում է վարձով բնակարան, որի համար վճարում է 300 հազար դրամ: Նշեմ, երբ Նարեկ Սարգսյանը Արտեմ Պետրոսյանին հանձնարարում է վարձով բնակարան տանել ճամպրուկներ, այդ ժամանակ Արտեմ Պետրոսյանի մեջ կասկածներ են ընկնում, նա հարցնում է Նարեկից, թե ճամպրուկներում զիբիլ-միբիլ չկա: Նարեկը Սարգսյանն ասում է, թե չէ, չկա, անգամ երդվում է իր երեխայի արեւով: Այս ամենից հետո Արտեմ Պետրոսյանը կատարում է Նարեկի հանձնարարականը»: Հովիկ Արսենյանը նշեց՝ Արտեմ Պետրոսյանը պատմել է, որ հունիսի 22-ին Նարեկ Սարգսյանն իրեն ասել է, թե պետք է գնա Մոսկվա, եւ նա պետք է իր հետ լինի. «Գնացել են Մոսկվա, եւ մի քանի օր անց Արտեմը հեռուստատեսությամբ լսել է, թե ինչ է կատարվում, եւ իր մասին ինչ են հայտնում իրավապահները: Այս ամենը լսելով` Արտեմ Պետրոսյանը վիճում է Նարեկ Սարգսյանի հետ` ասելով, թե այս ինչ պատմության մեջ է իրեն գցել: Վերջիններս վիճաբանում են, որից հետո Արտեմը թողնում, հեռանում է Նարեկ Սարգսյանից: Այս ամենից հետո Արտեմ Պետրոսյանը կապ է հաստատում ինձ հետ, եւ ես ստանձնում եմ նրա պաշտպանությունը: Վերջինիս որպես պաշտպան ասում եմ, որ նա վերադառնա Հայաստան, ներկայացնի իրողությունը, ինչն էլ հնարավորություն կտա, որպեսզի նա կարողանա ապացուցել իր անմեղությունը, որ որեւէ կապ չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Այս ամենի արդյունքում Արտեմը Կրասնոդար-Երեւան չվերթով գալիս է Հայաստան: Այստեղ կա մեկ խնդիր, որի մասին անպայման ցանկանում եմ խոսել: Արտեմ Պետրոսյանի Հայաստան վերադառնալու մասին ես անձամբ եմ գրություն գրել Երեւան քաղաքի ոստիկանությունում եւ հայտնել, որ Կրասնոդար-Երեւան չվերթով նա վերադառնալու է Հայաստան, կա արձանագրությունը, սակայն զարմանալի է մեկ բան, որ ոստիկանությունը հայտարարում է, թե ոստիկանության բացատրական աշխատանքների արդյունքում է Արտեմ Պետրոսյանը ներկայացել իրավապահներին, մինչդեռ այդպես չի եղել: Չնայած Արտեմ Պետրոսյանի` իրավապահներին ինքնակամ ներկայանալուն եւ իմ կողմից դատարանում ներկայացված հիմնավորումներին` դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, եւ Արտեմ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ինչը ես այսօր բողոքարկել եմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում»: Պաշտպան Հովիկ Արսենյանը նշեց, որ այս փուլում Արտեմ Պետրոսյանի կողմից արված հայտարարություններից այսքանը կարող է հայտնել. «Ուզում եմ հավատալ, որ մեր նոր իրողության մեջ իրավապահ համակարգը, հատկապես դատական իշխանությունը օբյեկտիվ գնահատական կտա իրավիճակին»: Հ.Գ. Հայտնի դարձավ, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հետախուզական ծավալուն միջոցառումներով պարզել են, որ նախորդ տարի Երեւանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առեւանգել են ու ծեծի ենթարկել: Նախնական տվյալներով՝ տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ: Ըստ իրավապահների` օգոստոսի կեսերին Երեւանի բնակիչ Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը` Արտեմ Պետրոսյանը, նրան հրավիրել է հանդիպման: Մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում Պետրոսյանը այլ անձանց հետ տղամարդուն առեւանգել է ու նրա կամքին հակառակ տեղափոխել Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ: Այստեղ տղամարդուն ծեծել են, Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը` պատճառելով վնասվածքներ: Այնուհետեւ նրան տեղափոխել են Նորագավիթում գտնվող «Սկանյա» բեռնատարների սպասարկման սրահի վարչական շենք ու կրկին ծեծել: Տղամարդուն բաց են թողել, երբ նա հավաստիացրել է, որ գիշերային ակումբների գործունեությամբ այլեւս չի զբաղվելու: Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազություն՝ քննության հետագա ընթացքը որոշելու: Քնար Մանուկյան


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ <a href=”https://armlur.am/824780/”>https://armlur.am/824780/
</a>


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *