«ՎԵՆԴԵՏԱ» ԵՒ «37ԹԻՎ» ԹՈՒԹԱԿԵԼԸ


Նրանք, ովքեր կարծում են, թե պատժի անխուսափելիությունը, արդարադատության միտված իրավական գործընթացներն համարժեք են, արդեն իսկ, բավականին չարչրկված «վենդետա» եզրույթին (իր ողջ դրսևորումներով), կամ էլ 37 թվի ռեպրեսիաներին, վտանգի տակ են դնում իրենց մտքի ու տրամախոհության ողջ սթափությունը:


Ինչ խոսք, մարդկային միտքը նաև տխմարության ու անհեթեթության է ուղղորդված՝ անգամ մի որևիցե ոչ կշռավոր վարչական պատասխանատվության ենթարկելը մեծ ցանկության դեպքում «վենդետա», «37թիվ» գուժողների կողմից կարող է ընկալվել և սահմանվել որպես քաղաքական հետապնդում, անձնական վրեժխնդրություն, հալածանք ու ճնշում: Վերաբերմունքը քիչ բան չի փոխում, նախկին իշխանությունների կողմից ներկայիս եղելությունները ընկալվում են ըստ հարմարավետության:

Դեպքերի և իրավիճակների այսօրինակ բովանդակությունը և տեղի ունեցող գործընթացները, իհարկե հարմար չեն նրանց, ավելին բավականաչափ անհարմարություններ են պատճառում, մարդիկ զրկվել են իշխանությունից, իշխանական տանիքներից, մտքներով չի անցել, որ անգամ ամենաանմատչելի երազն է օրերից մի օր ավարտվում, որ պատասխանատվության ենթարկողները այլևս իրենք չեն լինելու:

Խորամանկ հապճեպությամբ, ամենուր, ամեն առիթով «վենդետա» և «37թիվ» թութակելով՝ նախկին իշխանությունները, կամ նրանք, ովքեր խիստ դժգոհ են հեղափոխությունից, նոր ձևավորված կառավարության աշխատանքից այս վերտառություններն հետևողականորեն ներմուծում են մեդիա դաշտ, սոցիալական կայքեր, ինչը գնալով կարող է վերածվել մի շատ վտանգավոր, տարատեսակ սպառնալիքներով լի, նպատակաուղղված քարոզչության ու մանիպուլյացիաների:

Եվ այսուհետ նույնիսկ գերատեսչությունում փաստաթղթեր ստուգելը, սոցիալական ցանցերում մի երկու հայհոյախառն արձագանքը լսելը, անձրևային, ամպամած եղանակը, վատ տրամադրությունը, հարբուխը, կադրեր փոխելը ևս՝ այս մարդկանց կողմից «վենդետա», «37թիվ» է ընկալվելու: «Անմահների» կյանքում շրջադարձային իրողություններ են տեղի ունեցել, ուստի քաղաքական դաշտում զոհի, հալածյալի կաղապարի մեջ մտնելն, թերևս գոյատևման որոշակի հնարավորություններ դեռ տալիս է, վերադարձի հույս: Պետականության, ժողովրդի համար իբր թե կյանքն ու կենսագրությունը զոհասեղանին դրած, մարտիրոսի պատմուճանով «հալածյալներն» ամեն գնով ձգտելու են դարձ ի շրջանս յուր:

Արամ Պաչյան

ՀԵՂԻՆԱԿ

ԱՐԱՄ

ՊԱՉՅԱՆ


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *